Ցանկացած իշխանություն ուղղակի ոչինչ է պետության, ազգի ու Հայրենիքի համեմատությամբ: Իշխանություններ (սեփական, ազգային) կարող են և չլինել, իսկ ահա ժողովուրդն ու Հայրենիքը ի զորու են սեփական յուղի մեջ տապակվելով, դեռ երկար գոյատևել:
Հայոց պատմությունը լի է նմանօրինակ ժամանակաշրջաններով:
Իշխող ուժերի պարտքն է ազգից ու Հայրենիքից ուժեղ պետություն (երկիր) կերտել, կառավարել այն՝ ի բարօրություն ժողովրդի ու երկրի:
Ընտրող մարդը պետք է այնքան գիտակից լինի, որ ի վիճակի լինի տարբերել իշխանության և երկրի (պետության, Հայրենիքի) շահերը, որպեսզի ազնիվ ընտրություն կատարի, որը, բնականորեն, լինելու է հայրենամետ:
Հայաստանում այդօրինակ գիտակցության խորը ճգնաժամ է առկա, մինչև դա չհաղթահարվի, արկածախնդիր հայրենադավները իշխանություն զավթելու շանսեր են ունենալու: Նրանք կարող են ձեռք բերել նույնիսկ այնպիսի կենսունակություն, որ գոյատևեն ու շռայլ կյանք վարեն անգամ առանց պետության ու Հայրենիքի:
Իսկ ու՞մ է պետք այն իշխանությունը, երբ չկան պետությունը և Հայրենիքը, հետևաբար, և ժողովուրդը: Նայեք Արցախի հետ կատարվածին և խորը եզրակացություններ կատարեք. դիմում եմ Հայաստանի մեր հայրենակիցներին:
Երեկ դեռ կար Արցախի Հանրապետությունը՝ ժողովրդով ու Հայրենիքով, իսկ այսօր կան միայն ԱՀ իշխանությունները՝ ծվարած բուն երկրից դուրս:
Դեմ չեմ, թող միջազգային և ներհայաստանյան քաղաքական խաղերի մեջ փորձեն ինչ-որ դրական դերակատարություն դրսևորել, բայց, կրկնում եմ՝ ի՞նչ արժեն այն իշխանությունները, որոնք կորցրել են պետությունը, ժողովրդին ու Հայրենիքը:
Իշխանությունը ոչինչ է, իսկ Հայրենիքն ու ազգը՝ ամեն ինչ:
Այս սեղմ դիտարկումը լոկ նրա համար եմ հրամցնում, որպեսզի ասեմ գլխավորը` քանի դեռ հայության գերակշիռ մասը Հայրենիք բառը չի գրում, արտաբերում և հոգու մեջ կրում մեծատառով, Հայոց աշխարհի գոյությունը իսկապես մեծ վտանգի տակ է:
Եվ այս հարցում պետք չէ ապավինել Աստծուն ու հրաշքներին:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ